15 սեպտեմբերի 2009 - 15:03 AMT
Հայաստանի HSBC բանկը մտադիր է ավելացնել ինտերնետ բանկային ծառայություններից օգտվողների քանակը` մինչեւ տարեվերջ հասցնելով այն 3000
HSBC բանկ Հայաստան ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել ինտերնետ բանկային ծառայություններից օգտվողների քանակը, մինչեւ տարեվերջ հասցնելով այն 3000: Այդ մասին նոր ծառայության շնորհանդեսի ժամանակ լրագրողներին է հայտարարել HSBC բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: «Մինչեւ տարեվերջ մենք մտադիր ենք համակարգից օգտվողների թիվը հասցնել 3000-ի, իսկ լավագույն դեպքում` 5000-ի»,-ասել է նա:
Սլեյթերը հաղորդել է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 900 հաճախորդ արդեն իսկ օգտվում են ծառայությունից եւ կարողանում են ստուգել իրենց հաշիվները, գործարքներն իրականացնել, ինչպես նաեւ նոր հաշիվներ բացել օնլայն ռեժիմում: Ըստ Սլեյթերի, համակարգն արդեն իսկ օգտոգործվում է ավելի քան 40 միլիոն հաճախորդների կողմից աշխարհի ավելի քան 40 երկրներում, որոնք այս ծառայությունը համարում են բանկային գործարքներ իրականացնելու ամենահարմարավետ եւ անվտանգ եղանակը: «Այժմ բանկն արդեն կարող է իր ծառայություններն առաջարկել իր հայ հաճախորդներին»,-ասել է նա: Սլեյթերն ասել է, որ աշխարհի 42 երկրներում հաճախումների թիվն ամեն օր հասնում է 6 մլն գրանցված 14 մլն օգտվողների թվում:
Ըստ Սլեյթերի, այս համակարգը հնարավորություն է ընձեռում ցանկացած վայրից, ցանկացած պահի հսկել
եւ կառավարել ֆինանսները: Համակարգ մուտք գործելը եւ ինտերնետային բանկային ծառայության միջոցով գործարքներ իրականացնելը պաշտպանված է հարմարավետ անվտանգության սարքի օգտագործմամբ, որը հաճախորդներին տրամադրվում է ծառայության համար գրանցվելուց հետո: Գլխավոր գործադիր տնօրենը հավելել է նաեւ, որ ինտերնետ բանկային ծառայությունները ենթադրում են նաեւ կառավարում` երբ հաճախորդն ինքն է կառավարում իր գործողությունները` հաշիվներ բացել, բալանսը ստուգել եւ այլն:
Ըստ Սլեյթերի, բանկային ինտերնետ ծառայությունների կիրառումը հատկապես ակտուալ է Հայաստանի համար, քանի որ «թույլ կտա սփյուռքի ներկայացուցիչներին կառավարել իրենց հաշիվները հայրենիքում»: «Ինտերնետային բանկային ծառայությունը 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրում է, որը HSBC-ի հաճախորդներին է տրամադրում իրենց հաշիվները կառավարելու ապահով ինտերնետային համակարգ»,-ասել է Սլեյթերը: