18 սեպտեմբերի 2009 - 11:01 AMT
Լեւոն Ջուլֆալակյան. Եթե մեր մարզիկները դրսեւորեն իրենց բոլոր ուժեղ հատկությունները, ապա կհասնեն հաջողության
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի 21-27-ը կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Դանիայի Հերնինգ քաղաքում: Հայ մարզիկները Դանիա կմեկնեն միայն սեպտեմբերի 23-ին, քանի որ մրցաշարը մեկնարկում է 25-ին: Իսկ մինչ այդ կպատրաստվեն առաջնությանն Երեւանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, իր սաները գտնվում են լավ մարզավիճակում եւ ամեն ինչ կանեն, արժանի ելույթ ունենալու համար:

«Մեր հավաքականն այս տարի մասնակցել է երկու պաշտոնական մրցաշարի` փետրվարին աշխարհի գավաթի առաջնությանը, որտեղից մենք բերեցինք 3 բրոնզե մեդալ եւ Եվրոպայի առաջնությանը ապրիլին, որտեղ նվաճեցինք 2 ոսկե մեդալ: Իսկ այժ տղաները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Բոլորը գտնվում են գերազանց մարզավիճակում, մնացածը կախցված է յուրաքանչյուրի անհատական մոտեցումից, ես ի նկատի ունեմ հոգեբանական պատրաստվածությունը: Եթե նրանք դրասեւորեն իրենց բոլոր ուժեղ հատկությունները, ապա կհասնեն հաջողության: Յուրի Պատրիկեեւը վնասվածք է ստացել արմունկի հատվածում, սակայն այն լուրջ չէ, եւ նա պատրաստ կլինի առաջնության: Ինչ վերաբերում է իմ սպասելիքներին, ես գերադասում եմ կանխատեսումներ չանել, աչքով չտալու համար»,-ասել է Ջուլֆալակյանը:

Ըստ Ջուլֆալակյանի, Պատրիկեեւը (120 կգ ք/կ) կմիանա ՀՀ հավաքականին սեպտեմբերի 19-ին: