5 ապրիլի 2002 - 01:34 AMT
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԵԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ Ա1+ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՅԲ ՖԵ» ԾՐԱԳՐԻՆ
«Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ այսօր հայտարարություն-առաջարկ է տարածել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, ուր ասվում է.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ի կայացրած որոշումը 37-րդ դեցիմետրային կապուղու համար հայտարարված մրցույթում «Շարմ» ընկերությանը հաղթող ճանաչելու մասին վերջին օրերի ամենաքննարկվող թեման է: Արձանագրելով, որ խոսքի ազատությունը, այլակարծությունը, լրատվության մատուցման ձեւի ու ոճի բազմազանությունը մեր անկախ պետականության տասնամյա ընթացքի կարեւոր հաղթանակներից են, դրա ուրացումն ու շահարկումը համարում ենք հավասարապես վտանգավոր:
Մենք առաջարկում ենք «Ա1+» հեռուստաընկերությանն առաջիկա մեկ ամսվա ընթացքում օրական մեկ անգամ «Այբ Ֆե» լրատվական ծրագիրը հեռարձակել հանրային հեռուստաընկերության եթերում: Այս նպատակով խորհուրդը նախապես ստացել է հանրային հեռուստաընկերության ղեկավարության համաձայնությունը:
Հուսով ենք, հիշյալ ժամանակահատվածում առկա խնդիրը կստանա իր իրավական լուծումը եւ հասարակությունը զերծ կմնա ժողովրդավարական գործիքների վարկաբեկման արատավոր գործընթացից»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: