3 ապրիլի 2002 - 22:49 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է
Ադրբեջանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ-պետությունների հետ միասին դատապարտել է Իսրայելի գործողությունները Պաղեստինի նկատմամբ: Մալայզիայի մայրաքաղաքում տեղի ունեցած` ԻԿԿ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների նիստի արդյունքներով ընդունված փաստաթղթում ասվում է, որ Պաղեստինի ժողովրդի պայքարը չի կարելի գնահատել որպես ահաբեկչություն: Բաքվում հրատարակվող` «Զերկալո» թերթը այսօրվա համարում գրում է, որ այդպիսով Ադրբեջանը փաստորեն հակաիսրայելական դիրք է զբաղեցրել, ինչը կարող է սպառնալ Թել-Ավիվի եւ Բաքվի միջեւ ձեւավորվող ռազմավարական գործընկերության հեռանկարներին: Թերթի մեկնաբանի կարծիքով, Ադրբեջանը հայտնվել է բավականին դժվարին իրավիճակում, քանի որ ստիպված է հանդես գալ մի երկրի դեմ, համագործակցությունը որի հետ, ինչպես սպասվում էր, կարող էր բավականին շահավետ լինել: Միեւնույն ժամանակ, հոդվածում ընդգծվում է, որ հրեական լոբբիյի աջակցությունը միջազգային մակարդակով շատ ավելի համեստ է, քան ցանկալի կլիներ: Այդ պատճառով, հրապարակման հեղինակը համոզվածություն է հայտնում, որ պաշտոնական Բաքուն հանուն Իսրայելի հետ բարեկամության չպետք է հակադրի իրեն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գործընկերներին: Ինչպես հայտնի է, ԻԿԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որ բացահայտ աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: