29 սեպտեմբերի 2009 - 22:26 AMT
Սերժ Սարգսյան. Պետությունը հետագայում էլ շարունակելու է աջակցել IT ոլորտի երիտասարդ տաղանդներին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների արժանացած 30 ուսանողներին եւ աշակերտներին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին եւ մաղթել նորանոր հաջողություններ: Երկրի ղեկավարը կարեւորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնած եւ արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը` նշելով, որ այն եւս մեկ հնարավորություն է` բացահայտելու եւ զարգացնելու շնորհաշատ երիտասարդների կարողությունները:

«Երբ մենք ասում ենք, որ մեր երկրի հարստությունը կրթված եւ ժամանակակից սերունդն է, առաջին հերթին նկատի ունենք այնպիսի երիտասարդներին, ինչպիսին դուք եք»,- ասել է նախագահը:

Պետության ղեկավարի խոսքով, այսօր աշխարհում հասարակությունների զարգացածության մակարդակը չափվում է նաեւ դրանցում բարձր տեխնոլոգիաների տարածվածության աստիճանով: «Այդպիսի հասարակություննները ենթադրում են բարձր կրթական մակարդակ, փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում: Հետեւաբար, եթե մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը մրցունակ լինի, պարտավոր ենք լուծել այս խնդիրները»: Ուզում եմ վստահեցնել, որ ձեր աշխատանքը պահանջված է, գնահատված եւ պետությունը մշտապես սատարելու է ձեզ նման երիտասարդներին»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: