2 ապրիլի 2002 - 23:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը հերթական անգամ հետաձգվում է անորոշ ժամկետով: Հիշեցնենք, որ հանդիպման մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս աշնան վերջին եւ պետք կայանար Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի միջնորդությամբ: Երեւանյան եւ Բաքվի մամուլում բազմիցս անգամ ասվել են հանդիպման մոտավոր ժամկետները: Սկզբում խոսքը գնում էր դեկտեմբերի մասին, այնուհետեւ` փետրվարի սկզբի: Սակայն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Անդրկովկասի մուսուլմանների վարչության առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի բանակցություններն այդպես էլ չկայացան: «Արմինֆո» գործակալության տվյալներով, առայժմ հայտնի չէ, թե երբ դրանք կկայանան: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակի մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ հանդիպման անցկացման նախապատրաստական աշխատանքներ առայժմ չեն տարվում: Միեւնույն ժամանակ, Բաքվի ԶԼՄ-երը տվյալներ ունեն այն մասին, որ Անդրկովկասի մուսուլմանների վարչությունում շարունակվում են Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպման նախապատրաստման աշխատանքները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: