2 ապրիլի 2002 - 23:51 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՋԻԿՍՏԱՆ
Այսօր առավոտյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան: Դուշամբեի օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնովը: Երկու երկրների ղեկավարները միասին կայցելեն «Դուսթի» հրապարակ եւ ծաղկեպսակ կդնեն «Տաջիկստանի վերածնման եւ ազգային համաձայնության» հուշակոթողին: Այնուհետեւ նախագահներ Քոչարյանի եւ Ռահմոնովի միջեւ տեղի կունենա առանձնազրույց, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով եւ կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր: Իսկ այսօր կկայանա երկու պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս: Ապրիլի երեքին Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Տաջիկստանի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայցելի Տաջիկստանի պատմության թանգարան, կլինի Տաջիկստանի հնագույն քաղաք Խուջանթում: Ապրիլի չորսին Հայաստանի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները կմեկնեն Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկ: Օրակարգում առաջին կետը Ղրղզստանի նախագահ Ասկար Ակաեւի հետ հանդիպումն է: Երկու երկրների ղեկավարների զրույցից հետո կկայանան ընդլայնված կազմով բանակցություններ: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: Ռոբերտ Քոչարյանը եւ Ասկար Ակաեւը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի Ղրղզստանի վարչապետի եւ խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: