3 հոկտեմբերի 2009 - 19:40 AMT
Կինոփառատոնի շրջանակներում նկարահանվում է ֆիլմ երեխաների խնդիրների մասին
«Երեւանում նկարահանվում է անիմացիոն ֆիլմ երեխաների իրավունքների մասին` 6-13 տարեկան12 երեխաների մասնակցությամբ», - հոկտեմբերի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:

Ֆիլմի աշխատանքները սկսվել են 4 օր առաջ` Հայաստանի UNICEF-ի գրասենյակի աջակցությամբ: Երեխաների համար նաեւ կազմակերպվել է սեմինար` «Յուրաքանչուր խնդիր ունի իր լուծումը», որը վարում են երեխաների հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ` Ֆլավի Դարչեն եւ Ռենո Արմանեն:

Սեմինարը կտեւի 10 օր, իսկ նկարահանվող ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 20` UNESCO-յի երեխաների իրավունքների կոնվենցիայի 20-ամյա հոբելյանի առթիվ:

ReAnimania փառատոնը տեղի կունենա Երեւանում` հոկտեմբերի 3-6: Փառատոնին կներկայացվի շուրջ 100 ֆիլմ` Շվեցարիայից, Ֆրանսիայից, Շվեցիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: