9 հոկտեմբերի 2009 - 20:42 AMT
Հայաստանը կարող է բարձրացնել Հայոց ցեղասպանության հետեւանքով գծված սահմանի վերանայման հարցը
Այն սահմանը, որը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ցեղասպանության եւ մեզ պարտադրված իրողությունների հետեւանք է: ՀՀ-ի ներկայիս սահմանը նաեւ Ցեղասպանության արդյունք է, հետեւաբար` սահմանի վերանայման հարցը կարող է բարձրացվել որպես Ցեղասպանության հետեւանքների վերացման հարց: Այս մասին հայկական ցանցային ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Սա ենթադրում է, որ վերջիվերջո Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, ժամանակը ինքն էլ դրա վրա է աշխատում: Այս պարագայում` փոփոխված իրավիճակում այդ նույն հարցը կարող է օրակարգ մտնել:Որեւէ բան մեզ չի կաշկանդում այս հարցը նորից օրակարգային դարձնել»,-ասել է նա:
Շ.Քոչարյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է եւ միանշանակ է: «Կա երկու հարց, որից մենք երբեք չենք նահանջի:Այսօր ԼՂՀ ժողովուրդն անվգտանգության երաշխիքներ ունի: Ցանկացած փոփոխություն, որը կթուլացնի այդ երաշխիքները, բացառվում է: Այսօր ԼՂՀ-ն ինքնիշխանության որոշակի մակարդակ ունի, եւ այդ մակարդակի որեւէ իջեցում բացառվում է»,-ասել է Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, եթե վերը նշվածն ապահովվի, Հայաստանը պատրաստ կլինի խոսել փոխզիջումների մասին: