10 հոկտեմբերի 2009 - 15:14 AMT
Արձանագրությունները ստորագրելուց հետո ՀՀ նախագահին մնում է միայն վերանայել իր հարաբերությունները Սփյուռքի հետ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ, պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվելիք հայ-թուրքական Արձանագրությունների առիթով տարածել է մի հայտարարություն, որում նշվում է, որ եթե «այդ թուրքաշահ արձանագրությունները խոստանում են խախտել տարածաշրջանի ստատուս քվոն ու վատթարացնել Հայաստանի ռազմավարական դիրքերը թուրք-ադրբեջանական տանդեմին դեմ հանդիման, ապա Հայաստանում ու Սփյուռքում սկիզբ առած դիմադրության շարժումները եւ արձանագրությունները ստորագրելու իշխանությունների անխոհեմ որոշումը սպառնում են ներհայաստանյան ու Հայաստան-Սփյուռք ստատուս-քվոյին»:

Սաֆարյանը նաեւ ընդգծել է, որ ի հակառակ արձանագրությունների դեմ համախմբվող հոծ մեծամասնության եւ վտանգները չըմբռնող փոքրամասնության միջեւ արդեն իսկ տեսանելի բաժանարար գծի, Հայաստանի իշխանությունները դրանք ստորագրելու վերջնական որոշում են ընդունել: Այդ որոշումից հետո Սերժ Սարգսյանին մնում է վերանայել իր այն հայտարարությունը, թե «Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի, եւ բոլորովին այլ երկիր` սփյուռքով»:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ իր որոշմամբ Սերժ Սարգսյանը արձանագրեց, որ համազգային հարցերում Հայաստանի ու Սփյուռքի շահերը տարբեր են: Հետեւաբար նա իրեն չպետք է համարի աշխարհասփյուռ հայերի նախագահ, պետք է հայտարարի, որ հայ-թուրքական բանակցություններում չի ներկայացնում հայության նվազագույնը 75 տոկոսի, կամ Սփյուռքում եւ Հայաստանում արձանագրություններին դեմ արտահայտված 90 տոկոսի շահերը, չպետք է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործը շարունակելու, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին աջակցելու հորդորներ հղի նրանց: Պետք է հայտարարի, որ իրենց պատկերացրած «ուժեղ պետությունը» դա Սփյուռքի ու սեփական հասարակության զորակցությունով ուժեղ Հայաստանը չէ: