26 մարտի 2002 - 22:39 AMT
«A1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԴԵՑԻՄԵՏՐԱՅԻՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ
«A1+» հեռուստաընկերությունը կմասնակցի դեցիմետրային հաճախականության վրա հեռարձակման իրավունքի մրցույթին ընդհանուր պայմաններով: Ինչպես տեղեկացնուն է «Արկա» գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողների հետ զրուցելիս հայտնել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել 12 դեցիմետրային եւ 3 մետրային հաճախականությունների վրա հեռարձակման իրավունքի մրցույթ: Նա նշել է, որ մրցույթային հանձնաժողովը կգործի «Ռադիոյի եւ հեռուստատեսության վերաբերյալ» օրենքի սահմաններում: «Դա վկայում է այն մասին, որ սուբյեկտիվ մոտեցումները բացառվում են»,- հայտնել է Ռ. Քոչարյանը: Նախագահը տեղեկացրել է, որ հեռուստաընկերության բոլոր առաջարկությունները կհրապարակվեն, եւ «Ոչ մի հանձնաժողով չի կարող տրամադրել հեռարձակման իրավունք այն հեռուստաընկերությանը, որի առաջարկությունները անհրապույր են»: Քոչարյանը նշել է, որ նրան դուր է գալիս «A1+» հեռուստաընկերության նորությունները, սակայն դա չի նշանակում, որ նրան կտրամադրվի հեռարձակման իրավունքը մրցույթից դուրս: Հակառակ դեպքում, նախագահի կարծիքով, «Հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում երբեք չի հայտնվի նոր ընկերություն եւ չեն արվի լուրջ ներդրումային քայլեր»: Նշենք, որ դեցիմետրային հաճախության 37-րդ ալիքի վրա «A1+»-ից բացի հեռարձակման իրավունքի մրցույթում մասնակցում են «Շարմ» եւ «Դոֆին TV» ընկերությունները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: