12 հոկտեմբերի 2009 - 18:39 AMT
Սյուզի Քենտիկյան. Ես ուրախ եմ, որ արդեն երեք գոտի ունեմ եւ պատրաստ եմ նոր փորձությունների
Հայ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51կգ) WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց աշխարհի ու կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը մեկնաբանել է հոկտեմբերի 10 կայացած մենամարտը, որտեղ «Մարդասպան թագուհին» մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթեց գերմանաբնակ թուրք բռնցքամարտիկ Յուլիա Սահինին 98:92, 96:94, 97:93 հաշվով:

«Մենամարտը շատ կոշտ ստացվեց, եւ բոլոր 10 ռաունդների ժամանակ ես պայքարեցի ամբողջ ուժով եւ չէի կարողանում շունչ քաշել, քանի որ անընդհատ շարժման մեջ էի: Ես շատ հարվածներ հասցրեցի, սակայն Յուլիան լավ էր պաշտպանվում: Ես ճիշտ օգտագործեցի իմ մտահղացումները եւ մարտավարության տեսակետից ճիշտ վարեցի մենամարտը: Ես ուրախ եմ, որ արդեն երեք գոտի ունեմ եւ պատրաստ եմ նոր փորձությունների»,-մեջբերում է Քենտիկյանին boxing.de-ն:

Այժմ հայ մարզուհու մարզիչ Մագոմեդ Շաբուրովն, իր հերթին, հաստատել է իր սաների խոսքերը` ընդգծելով, որ Սյուզիի համար հեշտ չէր:

«Մենամարտը դյուրին չէր, եւ Սյուզին սկզբում զգուշանում էր: Սակայն չորրորդ ռաունդից հետո, նա սկսեց բաց մենամարտել եւ առավելության հասավ Յուլիայի հանդեպ»,-ասել է Շաբուրովը:

Նշենք, որ Քենտիկյանն իր 26-րդ հաղթանակը տարավ (16-ը նոկաուտով), ինչպես նաեւ նվաճեց WBO առաջին գոտին կանանց շրջանում: