26 մարտի 2002 - 21:21 AMT
ՄԻՆՉԵՒ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի գլխավոր արդյունքը եղավ` կադրերի վերապատրաստման ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, կապի արդիականացման եւ խաղաղարական հնարավորությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը: Այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Պենտագոնի ղեկավարության հետ անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են հարցեր, որոնք առնչվում են 2003 թվականի գարնանը նախատեսված հայ-ամերիկյան առաջիկա ռազմական խորհրդակցություններին: Մինչեւ այս տարվա ավարտը նախատեսվում Հայաստանի եւ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ուժերի հրամանատարության միջեւ ծրագրի ստորագրումը: Նախարարի խոսքերով` բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ եղած հարաբերությունները չեն քննարկվել, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շոշափվել է միայն տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ խոսակցությունում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նրա մոտ այնպիսի տպավորություն չի ստեղծվել, որ Միացյալ Նահանգները նպատակամղված քաղաքականություն են վարում Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից հեռացնելու նպատակով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: