25 մարտի 2002 - 22:57 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՏՈՒԺԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԴԻՍԿՐԻՄԻՆԱՑԻՈՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ռուսաստանի Կրասնադարի մարզի օրենսդրական ժողովը մոտ օրերս պատրաստվում է ընդունել տարածաշրջանային օրենք` միգրացիայի մասին, որը արմատապես կհակասի երկրի դաշնային օրենքներին եւ Սահմանադրությանը: Փաստաթղթի նախագիծը նախատեսում էդիսկրիմինացիոն բնույթի միջոցների կիրառում միգրանտների նկատմամբ: Մասնավորապես, ենթադրվում է բոլոր այն միգրանտների արտաքսումը, որոնց ներկայությունը մարզում կհամարվի անօրինական: Նշենք, որ մարզում ներկայումս բնակվում են ազգությամբ հայ մոտ կես միլիոն քաղաքացիներ, որոնց զգալի մասը վերջին ալիքի միգրանտներ են: Նրանք կարող են տուժել դիսկրիմինացիոն օրենքից, չնայած Ռուսաստանի Դաշնության սահմաններում մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիների իրավական կարգավիճակի դաշնային օրենքի առկայությանը: «Մենք պետք է ջանանք, որպեսզի բոլորն իմանան` մեզ մոտ միգրանտները վատ են ապրում»,- վերջերս հայտնել է մարզի փոխնահանգապետ Լեոնիդ Բակլիցկին: Ընդ որում նա հասկացրել է, որ ստացել է Մոսկվայի հավանությունը: Մեկնաբանելով Կրասնադարի մարզի ղեկավարության ոչ սահմանադրական պլանները` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Ալեքսեյ Գրոմովն ընդգծել է, որ Կրեմլը նման միջոցառումների թույլտվություն չի տվել: «Նախագահ Պուտինը այս ոլորտում կարգուկանոն հաստատման անհրաժեշտությունից ելնելով հաշվի է առնում ոչ միայն պետության շահերը, այլեւ բոլոր մարդկանց, որոնք բնակվում են Ռուսաստանի տարածքում, ինչպես նաեւ նրանց իրավունքների պահպանումը` անկախ ազգային պատկանելիությունից»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: