25 մարտի 2002 - 22:54 AMT
ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ ԵՆԹԱԴՐԵԼՈՒ, ՈՐ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
Գոյություն ունեն լուրջ նախադրյալներ, որ Եվրախորհուրդը պաշտոնապես կճանաչի հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ հանդիպմանը հայտնել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության փոխղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հայոց ցեղասպանության վերաբերյալ դիմումի տակ արդեն ստորագրել են մոտ 100 պատգամավոր 30 երկրներից: Ռուստամյանը տեղեկացրել է, որ դիմումի տակ չեն ստորագրել, մասնավորապես, Վրաստանը եւ Ֆրանսիան: Նա նշել է, որ ֆրանսիացիները պատճառաբանել են իրենց մերժումը նրանով, որ Ֆրանսիայի խորհրդարանն արդեն ընդունել է հայոց ցեղասպանության մասին օրենքը, հաստատելով այդ հարցում իր դիրքորոշումը: Պատգամավորը տեղեկացրել է, որ հայկական պատվիրակության կողմից մշակված է Եվրախորհրդում հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ բանաձեւի նախագիծ եւ աշխատանք է տարվում, որպեսզի այդ հարցն ընդգրկվի ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանի օրակարգում: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխղեկավարն ընդգծել է` հատկապես Եվրախորհրդում հայոց ցեղասպանության փաստի ճանաչման կարեւորությունը,քանզի այդ կազմակերպությանն անդամկից է Թուրքիան: Ռուստամյանը հայտնել է, որ ԵԽԽՎ-ում բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է ստանալ նիստի մասնակիցների ձայների կեսը, այսինքն` 50-60 ձայն: Ըստ պատգամավորի` բանաձեւի վերաբերյալ քվեարկության ժամանակ անհրաժեշտ ձայները հավաքելն այնքան էլ դժվար չի լինի, քանի որ դիմումի տակ ստորագրել են ավելի քան 100 պատգամավոր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: