25 մարտի 2002 - 22:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Հայաստանի կոմունիստական կուսակցության 14 ակտիվ գործիչներ, նախօրեին տեղի ունեցած կենտրոնոկան կոմիտեի որոշմամբ, վտարվել են կուսակցության ղեկավար մարմնի կազմից: Խորհրդարանական ՀԿԿ խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանի խոսքերով` նրանք վտարվել են ԿԿ-ից «հակակոմունիստական գործունեության համար»: «Արմինֆո» գործակալության տվյալներով, վտարվածների թվում են ՀԿԿ նախկին կուսկոմիտեի նախագահ Վանիկ Մխիթարյանի եւ Երեւանի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանի կողմնակիցները: Պլենումի ընթացքում խորհրդարանի պատգամավոր Խորեն Սարգսյանը հարց բարձրացրեց հանրապետության իշխանության փոփոխման անհրաժեշտության մասին: Նպատակին հասնելու համար Սարգսյանն առաջարկել է ստեղծել դաշինք` ձախ կողմնորոշմամբ քաղաքան կուսակցությունների մասնակցությամբ: Մասնավորապես, խոսքը գնում է Սոցիալիստական ուժերի միության մասին, որը գլխավորում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Սակայն, նախաձեռնությունն աջակցություն չգտավ, քանի որ կոմունիստները չցանկացան համագործակցել Հայոց համազգային շարժման նախկին ակտիվիստի հետ, որը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում խորհրդային իշխանության տապալման գործում: Միեւնույն ժամանակ, պլենումի մասնակիցները կողմ էին համագործակցելու այլ քաղաքական ուժերի հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են` հանրապետությունում խորհրդարանական կառավարման կիրառումը, Հայաստանի միավորումը Ռուսաստան-Բելառուս միությանը, ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհման կասեցումը: Կանխատեսումներին հակառակ, պլենումի աշխատանքները ղեկավարում էր կուսակցության առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը: Հիշեցնենք, որ որոշ ԶԼՄ-ր կանխատեսումների համաձայն նա պետք է պաշտոնաթող լիներ առաջին քարտուղարի պաշտոնից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: