15 հոկտեմբերի 2009 - 02:13 AMT
2010թ. աշխարհի առաջնություն. Թուրքիա-Հայաստան-2:0
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը իր վերջին խաղն է անցկացրել 2010թ. աշխարհի առաջնություն ընտրական փուլի շրջանակներում, արտագնա խաղում զիջելով Թուրքիային 0:2 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին: Թուրքիայի հավաքականի բազմաթիվ հարձակումներից մեկն ավարտվեց Ռոման Բերեզովսկու դարպասի գրավմամբ: Գործընկերոջ գլխով արված փոխանցումն ավարտին հասցրեց թուրքական հավաքականի հարձակվող Հալիլ Ալթինթոփը: Իսկ 28-րդ րոպեին պաշտպան Սերվեթ Չեթինի հարվածից հետո գնդակը հայտնվեց հայկական թիմի դարպասում:
Մինչ առաջին խաղակեսի 33-րդ րոպեն, այսինքն մինչ այն պահը, երբ պաշտպան Զեյհուն Գյուլսելամը երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց դաշտից, ակնհայտ առավելությունը Թուրքիայի հավաքականի կողմն էր: Սակայն երբ թուրք ֆուտբոլիստները մնացին նվազագույն կազմով, Հայաստանի հավաքականին հաջողվեց ինչ-որ կերպ հավասարեցնել խաղը եւ մի քանի վտանգավոր պահ ստեղծել Վոկան Դեմիրելի դարպասի մոտ, սակայն կրճատել խաղի հաշիվն այդպես էլ չստացվեց:
Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները կարողացան հավասարեցնել խաղը եւ հավասար պայքար մղել դաշտի տերերի հետ, սակայն գոնե մեկ միավորով կրճատել հաշիվը չստացվեց: Հիշարժան է միայն այն պահը, երբ ՀՀ հավաքականի բրազիլացի հարձակվող Մարկոս Պիզելլին 4 մ հեռավորությունից հարվածից հետո, գնդակը հայտնվեց Թուրքիայի հավաքականի պաշտպանի մոտ: Նշենք, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մի քանի անգամ փրկեց իր թիմը` թույլ չտալով թուրք ֆուտբոլիստներին հաղթել ավելի խոշոր հաշվով:
Այդպիսով Հայաստանի հավաքականը կրել է իր ութերորոդ պարտությունը 2010թ. ընտրական փուլում եւ երկրորդը` Թուրքիայի հավաքականից: Հիշեցնենք, որ առաջին խաղում, որը տեղի ունեցավ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, հայ ֆուտբոլիստները զիջեցին Թուրքիայի հավաքականին նույն հաշվով` 0:2:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Հայաստանի հավաքականների պատասխան հանդիպմանը Բուրսայում իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հրավերով ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: