19 մարտի 2002 - 20:02 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՇՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Վրաստանի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչումը կբարդացնի վրաց-թուրքական եւ վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Թբիլիսիի տեղեկատվական աղբյուրները, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեդո Պաաթաշվիլին: Նա հայտնել է, որ այդ ամենը հաշվի առնելով` վրաց օրենսդիրները պետք է ձեռնպահ մնան ցեղասպանության հարցը քննարկելուց: ԱՄՆ-ի հետ Վրաստանի ուրվագծված ռազմական համագործակցության ֆոնին հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ավելի լավ է հետաձգել մինչեւ աշուն, ասել է Պաաթաշվիլին: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ոչ մի նշանակություն չի ունենա Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններում: Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանություններից հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը պահանջել են Ախալքալակ քաղաքի հայ բնակչության ներկայացուցիչները` Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: