24 հոկտեմբերի 2009 - 16:23 AMT
Վահագն Չախալյանի փաստաբան. Դատախազի մեղադրանքները ապացույցներով ամրագրված չեն
Ջավախահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործով երրորդ դատական նիստն անցել է այնպես, ինչպես եւ նախորդները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքերով, դատն անցնում էր հիմնականում վրացերեն լեզվով` անորակ հայերեն թարգմանությամբ: «Իսկ մեր ասվածը սխալ էր թարգմանվում կամ ընդհանրապես չէր թարգմանվում»,-ասել է Ոսկանյանը: Ընդ որում նա հավելել է, որ, չնայած նրան, որ հոկտեմբերի 16-ին Վահանգն Չախալյանը հայտարարել էր, որ հրաժարվում է առաջիկայում ներկա լինել դատավարություններին, նրան բերել էին դատարանի դահլիճ:
«Մենք բողոք էինք ներկայացրել թարգմանչի վերաբերյալ եւ պահաջել էինք հեռացնել նրան, սակայն դատարանը մերժեց մեր միջնորդությունը»,-ասել է Ոսկանյանը: Նրա խոսքերով, դրանից հետո Չախալյանը հայտարարեց, թե ինքը հրաժարվում է ներկա գտնվել նիստին եւ նրան դուրս բերեցին դատարանի դահլիճից: Այդ օրինակին հետեւեցին Չախալյանի հայրն ու եղբայրը, որոնք նույնպես քննության տակ են, եւ մեղադրյալի հարազատները: «Արդյունքում դատավարությունն անցնում էր մեղադրյալների եւ պաշտպանության միջեւ»,-ասել է Ոսկանյանը:
Նա նաեւ նշել է, որ, վերջում մեղադրական խոսքով հանդես եկավ դատախազը` հայտարարելով, թե բոլոր մեղադրանքները հիմնավորված են, սակայն ոչ մի ապացույց չներկայացրեց:
«Եզրափակիչ ելույթի համար դատավորը մեզ 10 րոպե տվեց, սակայն մենք ասեցինք, որ դա բավական չէ ելույթը նախապատրաստելու համար եւ խնդրեցինք երկարացնել ժամանակը: Սակայն, մեզ մերժեցին»,-ասել է Ոսկանյանը:
Ս.Ոսկանյանը հայտարարել է նաեւ, որ իրեն հաջողվեց մեկ շաբաթով հետաձգել հաջորդ նիստը: Չորրոդ լսումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը Վրաստանի հայաբնակ Ջավախքի քաղաքական ակտիվիստներից է: Նա ձերբակալվել է իր տանը 2008թ. հուլիսի 21-ին հրազեն եւ զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: 2009թ. ապրիլի 7-ին Ախալցիխեի շրջանային առաջին ատյանի դատարանը նրան դատապարտեց 10 տարվա ազատազրկման «զենքի ապօրինի պահման», ինչպես նաեւ «հասարակական կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցելու» եւ «Խուլիգանության» համար: