29 հոկտեմբերի 2009 - 12:54 AMT
ԵՄ-ն կարեւոր գործընկեր է Հայաստանի համար բոլոր առումներով
ԵՄ-ն կարեւոր գործընկեր է Հայաստանի համար բոլոր առումներով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Արեւելյան գործընկերություն. Կնշանավորի այն արդյո՞ք եվրաինտեգրման նոր փուլը» խորագրով համաժողովի բացմանը: «2007թ. ի վեր Հայաստանն իրականացնում է Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը: Այդ ծրագիրը Հայաստան-ԵՄ համագործակցության վառ արտացոլումն է»,-ասել է ԱԳՆ ղեկավարը:

Ըստ Նալբանդյանի, ընթացիկ տարվա մայիսին Պրահայում մեկնարկած «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նոր հիմքի վրա դրեց համագործակցությունն Երեւանի ու ԵՄ-ի միջեւ: «Եվրամիությունն ներուժ ունի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման համար: Ցավոք, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են կիսում այդ ձգտումը: Դեռեւս «Արեւելյան գործընկերության» մեկնարկային փուլում Ադրբեջանն անկառուցողական մոտեցում դրսեւորեց»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Է.Նալբանդյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար քաղաքական կամք ունի Հայաստան-ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացման համար: «Այս ծրագրի իրականացումն առաջին հերթին բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից: Դա գիտակցված ընտրություն է»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: