29 հոկտեմբերի 2009 - 14:51 AMT
Մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից Հայաստանում կազմում է մահացության ընդհանուր թվի 55 տոկոսը
«Սիրտ-անոթային հիվանդությունները տարածման եւ մահացության աստիճանով առաջին տեղում են աշխարհում: Սակայն միեւնույն ժամանակ գիտությունը զարգանում է մեծ տեմպերով: Սրտաբանությունը Հայաստանում զարգանում է այնպիսի հայտնի բժիշկների շնորհիվ, ինչպիսիք են Կառլեն Ադամյանն ու Հրայր Հովակիմյանը, որը «Նորք-Մարաշի» սրատաբանական կենտրոնի հիմնադիրն է»,-իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Սրտաբանների եվրակովկասյան համաժողովի բացմանը:
Համաժողովի հանդիսավոր բացումը կատարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Մենք ուրախ ենք ողջունել աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 80 մեր հյուրերին` ՀՀ սփյուռքի նախարարության «Հայաստան-Ֆրանսիա առողջության ակցիա» համատեղ նախագծի շրջանակներում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի հովանու ներքո է անցնում այս համաժողովը: Իր խոսքում վարչապետը նշեց, որ առողջապահության բարելավումը ենթադրում է նաեւ կրթության մակարդակի բարձրացում:
Համաժողովի եւս մեկ հյուր` «Հայաստան-Ֆրանսիա առողջության ակցիայի» ղեկավար Ավետիս Մատիկյանն իր խոսքում ընդգծել է, որ «Հայաստանն առաջատարի դիրքում է Հարավային Կովկասում սրտաբանության ոլորտում»:
Խոսքով հանդես եկավ նաեւ Հայ սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը: «Մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից Հայաստանում կազմում է մահացության ընդհանուր թվի 55 տոկոսը»,-իր խոսքում ասել է նա եւ հավելել, որ հարավկովկասյան տարածաշրջանի գիտնականների մեծ ակտիվության պատճառով 2009թ. Եվրոպական կոնգրեսում բացվեց հայկական տաղավար:
«Սրտաբանների եվրակովկասյան համաժողովի» նախագահի ողջույնի խոսքից հետո, հյուրերը սկսեցին հանդես գալ զեկույցներով: