30 հոկտեմբերի 2009 - 17:17 AMT
ՀԿԵՈՒ-ն շարունակում է երկաթուղային կայարանների վերականգնումը Հայաստանի տարածքում
Հրազդան-Զոդ երկաթուղային հատվածում ապրանքափոխանակման եւ բացթողնման հնարավորության ավելացման հետ կապված, ինչպես նաեւ ելնելով տեխնոլոգիական անհրաժեշտությունից, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը «Արեգ» կայարանը վերականգնելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը:

Կայարանը գտնվում է Հրազդան-Զոդ հատվածի 159-րդ կիլոմետրում (Շորժա-Վարդենիս կայարանամիջում):
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ծրագրվում է մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը կայարանը այնպես կարգի բերել, որ բավարարի գնացքների տեղաշարժման անվտանգության նորմերի եւ կայրանատեղերի սարքավորումների շահագործման պահանջները: «Այս կապակցությամբ, համաձայն սահմանված կարգի, «Արեգ» կայարանը կապահովվի տեխնոլոգիական անհրաժեշտ կապով, կկարգավորվի տեղամասի հաղորդակցման ցանցը», - ասված է հաղորդագրության մեջ:

ՀԿԵՈՒ ՓԲԸ-ն 2009 թ. հայտարարել է կայարանների տարի: Ծրագրի շրջանակներում 2009 թ. ընթացքում կատարվել են համալիր վերանորոգման աշխատանքներ Այրում, Մասիս, Արմավիր, Շորժա, Հրազդան, Սանահին, Վանաձոր, Գյումրի եւ Երեւան կայարաններում:

«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100 տոկոս դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ը հանձնվել է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ին կոնցեսիոն ղեկավարման` համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն ղեկավարման ժամկետը 30 տարի է` 10 տարի երկարաձգման իրավունքով: