15 մարտի 2002 - 18:46 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստեղծվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մեխանիզմ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, ՐԻԱ «Նովոստի»-ին է հայտարարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վալերի Լոշչինինը: Ընդ որում նա չի ճշտել, թե դա ինչ մեխանիզմ է լինելու: Լոշչինինը նշել է, որ օրերս Հայաստանում եւ Ադրբեջանում գտնվող, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են երկու երկրների նախագահների հետ նոր մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, որը կնպաստի բանակցային գործընթացին: «Չի կարելի թույլ տալ, որն բանակցային գործընթացում երկարատեւ դադարներ կամ ընդմիջումներ առաջանան: Հարկավոր է մի մեխանիզմ, որը կապահովի բանակցային գործընթացի` շփումների, հանդիպումների, զրույցների, հնարավոր բանաձեւերի որոնումների անընդմեջ շարունակությունը»,- ընդգծել է Ռուսաստանի դիվանագետը: Լոշչինինը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «հիմա կարեւոր է չշտապել, այլ քայլ առ քայլ աշխատել այն հիմքի ստեղծման վրա, որը անհրաժեշտ է հակամարտության կարգավորման առաջընթացն ապահովելու համար»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: