2 նոյեմբերի 2009 - 12:10 AMT
ՀԱՊԿ ԽՎ-ն անվտանգության գծով գիտագործնական կոնֆերանս է նախապատրաստում
2009 թ. նոյեմբերի 3-ին Սանքտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ տեղեկատվական-վերլուծական իրավական կենտրոնի նիստը: ՀԱՊԿ ԽՎ օրակարգում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ոլորտի օրենսդրությունների մերձեցման ու ունիֆիկացիայի հայեցակարգի նախագիծն է, կազմակերպության շրջանակներում համաձայնագրերի ու պայմանագրերի վավերացման ընթացքի վերլուծությունը, ՀԱՊԿ ձեւաչափում առավել նշանակալի միջոցառումների արդյունքների քննարկումը:

Նիստի մասնակիցները կքննարկեն նաեւ «ՀԱՊԿ անդամ պետությունների զինվորական զորակազմի գործունեության ապահովմանն ուղղված ազգային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանսի նախապատրաստման հարցը, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ներկայացուցչությունը ՀՀ-ում:

ՀԱՊԿ ԽՎ տեղեկատվական-վերլուծական իրավական կենտրոնը ստեղծվել է 2008թ. նոյեմբերի 24-ին: Կենտրոնի ստեղծման նպատակն է առաջարկություններ եւ խորհուրդներ մշակել հավաքական անվտանգության համակարգի զարգացման ու կատարելագործման գործընթացի նորմատիվ-իրավական եւ տեղեկատվական-վերլուծական ապահովման իրականացման հանդեպ ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնեցված մոտեցումների վերաբերյալ` Կազմակերպության բազմաֆունկցիոնալ կառույցի վերափոխման պայմաններում, ինչպես նաեւ նպաստել ՀԱՊԿ Կանոնադրության պաշտպանության, ռազմաշինարարության ու անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման մասին 10-րդ հոդվածի գործնական իրագործմանը:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են` ՀԱՊԿ խորհրդարանական կառույցների ու մարմինների գործունեության վերլուծական, խորհրդակցական, տեղեկատվական ու կազմակերպական ապահովումը մոդելային նորմատիվ ակտերի ու ՀԱՊԿ ԽՎ խորհուրդների նախագծերի նախապատրաստման եւ ԽՎ-ում մշտական հանձնաժողովների քննարկմանը փոխանցելու համար: