3 նոյեմբերի 2009 - 10:51 AMT
Սենատի մեծամասնությունը խնդրում է Քլինթոնին հանդիպել ԱՄՆ հայ համայնքի հետ
ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդները դիմել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին խնդրելով հանդիպել ԱՄՆ հայ համայնքի առաջնորդների հետ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), պետքարտուղարին է դիմել Նեւադայից ընտրված սենատոր Հարրի Ռեյդը, որը կիսում է համայնքի մտահոգությունը ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների հարցում:

Հոկտեմբերի 30-ին ANCA-ի անդամ Ռազմիկ Լիբարյանին ուղղված նամակում սենատորը նշել է, որ արդեն նամակ է հղել պետքարտուղարին` խնդրելով հանդիպման մասին: Իր նախորդ նամակում սենատոր Ռեյդը Քլինթոնին էր ասում, որ նա շատ նամակներ է ստացել Նեւադայի բնակիչներից, որոնք չեն սատարում միջպետական պատմական հանձնաժողովի ստեղծմանը, որը հետազոտելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Նեւադայի բնակիչները կարծում են, որ համաձայնագրերն անարդար են Հայաստանի համար: Հաշվի առնելով խնդրի լրջությունը, ես կարծում եմ, որ կարեւոր կլիներ քննարկել այն անմիջականորեն Ձեր հետ: Ամերիկայի հայ համայնքը հատկապես զգայուն է պատմական հանձնաժողովի ստեղծման հանդեպ, քանի որ Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է սենատորի նամակում:

Սակայն, հաշվի առնելով ամերիկա-թուրքական հարաբերությունների բարձր մակարդակը, ոչ նախագահ Օբաման, ոչ պետքարտուղար Քլինթոնը այդպես էլ չհանդիպեցին հայ համայնքի հետ: