23 հունիսի 2003 - 18:29 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՄԲ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ
Վրաստանում ռուսական ռազմակայաններից ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումը Հայաստան բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը այդ առնչությամբ: Ռուսաստանը առանց այդ էլ ռազմակայաններ ունի Հայաստանում: Այդ պատճառով Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահ, պետք է առավել ուշադիր վերաբերվի այդ գործընթացին»,-ասել է Գուլիեւը: Հիշեցնենք, որ անցայ շաբաթվա վերջում սկսվել է տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումը Վրաստանի արեւելքում գտնվող Սագարեջոյի 130-րդ ռուսական ռազմական պահեստից: Մինչեւ հունիսի 25-ը զինամթերքը եւ սպառազինությունը կհասցվեն Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: