9 նոյեմբերի 2009 - 17:21 AMT
Հայաստանը կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոններից մեկը
Հայաստանը կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոններից մեկը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանում ընդունվել է համապատասխան օրենք եւ մշակվել է այդ բնագավառի զարգացման հայեցակարգ: «Զբոսաշրջությունը մեր երկրի համար առաջնային ուղղություն է: Մեր պատմամշակութային ժառանգությունը, ազգային ավանդույթները, դարավոր պատմությունը թույլ են տալիս Հայաստանը դարձնել զբոսաշրջության կենտրոն, եւ այդ բնագավառում արդեն ձեռնարկվում են որոշակի քայլեր», - ընդգծեց վարչության պետը:

Նա նաեւ հայտնեց, որ արդեն Հայաստանի մասին նկարահանվել է փաստագրական ֆիլմ, որը շուտով ցուցադրվելու է իսպանական հեռուստակայանով: Ֆիլմի ցուցադրման համար բանակցություններ են վարվում նաեւ Discovery եւ իտալական RAI հեռուստակայանների հետ:

«Վերջերս մենք ընդունեցինք Լեհաստանի հասարակական հեռուստատեսության նկարահանող խմբին, որը հեռուստածրագիր էր նկարահանել Հայաստանի մասին եւ մոտ ժամանակներում այն կցուցադրվի լեհ հասարակությանը», - ընդգծեց Մեխակ Ապրեսյանը` ավելացնելով, որ Հայաստանը նախկինի պես գովազդվում է CNN եւ Euronews հեռուստաալիքներով:

«Մենք մշակում ենք բրենդի ռազմավարություն եւ ցանկանում ենք բացահայտել մեր զբոսաշրջության զարգացման համար դեռեւս թաքուն կողմերը»: