9 նոյեմբերի 2009 - 20:03 AMT
Հենրիկ Մխիթարյան. Ես չեմ ափսոսում, որ որոշեցի շարունակել իմ կարիերան հենց Ուկրաինայում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, որն այժմ խաղում է Դոնեցկի «Մետալուրգում», ճանաչվել է Ուկրաինայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ «Սպորտ-Էքսպրեսս»-ի գնահատմամբ: Մխիթարյանը խոստովանել է, որ նախկինում նրան նման բարձր կոչումների չեն արաժանացրել:

«Լրագրողներն մինչ օրս ինձ այդքան երես չէին տվել: Մի կողմից, շատ հաճելի է, որ ձեր պարբերականը նշեց իմ խաղը հոկտեմբերին: Մյուս կողմից` այդ կոչումները չպետք է ինձ թուլացնեն: Ամենակարեւորը, ինչ ես ստացա այս իրավիճակից, իմ զարգացման մեջ կանգ չառնելն է եւ ինքս ինձ վրա աշխատելը»,-ua-football.com-ին է խոստովանել Մխիթարյանը:

Կիսապաշտպանն ասել է, որ ինքն է իր քննադատը, նա ինքը յուրաքանչյուր խաղից հետո գիտի լավ է խաղացել, թե վատ: «Ձեր երկրի առաջնությունն իրոք հետաքրքիր է եւ ես բոլորովին չեմ ափսոսում, որ դուրս գալով Հայաստանից, որոշեցի շարունակել իմ կարիերան հենց Ուկրաինայում»,-ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը, չնայած որ Հայաստանի բարձարգույն լիգայի կեսից է տեղափոխվել ուկրաինական ակումբ, խփած գնդակների քանակով (11 գոլ) Սամվել Մելքոնյանի («Բանանց) եւ Արտյոմ Ադամյանի («Ուլիսս») հետ միասին զբաղեցնում է 3-րդ տեղը Հայաստանի լավագույն հարձակվողների ցուցակում: