11 նոյեմբերի 2009 - 17:02 AMT
Հայաստանն ու Թուրքիան սպասողական դիրք են զբաղեցրել
Ներկայումս թե' տարածաշրջանը, թե' հայ-թուրքական փոխհարաբերությունները մի փուլ են թեւակոխել, որն իր մեջ վտանգավոր տարրեր է պարունակում: Հայ-թուրքական դաշտում դիրքային դիմադրություն է նկատվում, կողմերը սպասողական դիրք են զբաղեցրել եւ հետեւում են միմյանց: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների դաշտում բաց տեղեկատվական պատերազմ է ընթանում: Կողմերը հաճախակի են հանդես գալիս կոշտ հայտարարություններով եւ ապատեղեկատվություն տարածում»,- նկատեց փորձագետը:
Խոսելով տարածաշրջանային գործընթացների մասին` Ստեփան Գրիգորյանն առանձնապես ընդգծեց փոփոխությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: «Ներկայումս մենք տեսնում ենք այդ արտաքին քաղաքական փոփոխությունների արդյունքները` Իրանի հետ հարաբերությունների ջերմացումը, իրանական միջուկային ծրագրի մասին թուրքական կողմից դրական հայտարարությունները, հարաբերությունները Մերձավոր Արեւելքի երկրների հետ»,- ասաց փորձագետը:
Նա ուշադրություն դարձրեց նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության վրա: Նրա խոսքով, Մոսկվան այլ քաղաքական գործիքներ է գտել տարածաշրջանի առնչությամբ: «Ռուսաստանը հասարակական մակարդակով Հայաստանում եւ Ադրբեջանում հանդես է գալիս նախաձեռնություններով եւ շոշափում տարածաշրջանային անվտանգության հարցերը»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է հաշվի առնի վերը նշված բոլոր գործոնները: