12 նոյեմբերի 2009 - 13:54 AMT
Հայաստանի Ինտերպոլը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը
«Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն մի շարք մտավախություններ ունի, կապված թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառման եւ ահաբեկչության հետ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ինտերպոլկի կենտրոնական ազգային բյուրոյի ղեկավար, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:

Ըստ Եղիազարյանի, Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն առաջին հերթին մտահոգված է ահաբեկչության խնդիրներով եւ այժմ ծառայության առաջնային խնդիրը սերտ համագործակցությունն է Հայաստանի բոլոր մաքսակետերի հետ եւ նրանց համար Ինտերպոլի բազայի հասանելիության ապահովումը: «Դրանով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մեր մաքսակետերի խոցելիությունը»,-ասել է Եղիազարյանը:

Նա նաեւ հաղորդել է, որ Հայաստանի Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոն իր մտավախություններն է հայտնել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը եւ այժմ մշակվում է համատեղ միջոցառումների ծրագիրը, որոնք կիրագործվեն սահմանի բացման դեպքում: «Որքան ես գիտեմ, այս կապակցությամբ ՀՀ կառավարությունը մշակում է նաեւ ունիվերսալ մի ծրագիր, որի մի մասն է կազմում նաեւ մեր գործողությունների պլանը»,-ասել է Եղիազարյանը: