12 նոյեմբերի 2009 - 17:46 AMT
Էդուարդ Շարմազանովը թուրք պատգամավորներին խորհուրդ է տալիս պղտոր ջրում ձուկ չորսալ
Թուրք պատգամավորները կրկին իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են կատարում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով թուրք պատգամավոր Զեյնեբ Դագիի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունները չեն ներգրավվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում: «Եթե իմ թուրք գործընկերը տեղյակ չէ, որ Արձանագրությունները հանձնաժողով են ուղարկվել, ապա ես նրան խորհուրդ եմ տալիս Թուրքիայի խորհրդարանի կայք այցելել»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական քարոզչությունը նման հայտարարություններով փորձում է ստվեր նետել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա եւ ինքն իրեն համոզել, որ այդ գործընթացը պարզապես գոյություն չունի: «Արձանագրությունները ստորագրվել են, եւ դա փաստ է, որը ողջունել է միջազգային հանրությունը: Ես թուրք պատգամավորներին խորհուրդ կտամ պղտոր ջրում ձուկ չորսալ»,- հայտնեց Էդուարդ Շարմազանովը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացման հարցը չի ներգրավվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում»,- հայտնել է Թուրքիայի կառավարող Արդարության եւ զարգացման (AKP) կուսակցության անդամ, արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զեյնեբ Դագին: