17 նոյեմբերի 2009 - 22:25 AMT
Հայաստանում նշվել է բուժծառայողի օրը
Նոյեմբերի 17-ին ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայողներ, հյուրեր:

Ողջունելով եւ մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարեւորելով բուժծառայողի դերը զինված ուժերում, նշեց, որ արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել բուժծառայողների դերը, եւ բազմաթիվ քաղաքացիական բժիշկների հենց պատերազմի դաշտում ստացան բուժծառայողի իրենց առաջին մկրտությունը, նաեւ հայ բուժծառայողի սխրանքի ու հերոսության շնորհիվ է կերտվել մեր հաղթանակը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ բուժծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացան գերատեսչական պարգեւների:

Միջոցառման ավարտին Ս. Օհանյանը եղավ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի վերանորոգված մասնաշենքում, շրջեց աշխատասենյակներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: