18 նոյեմբերի 2009 - 20:21 AMT
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցություններին ԼՂՀ մասնակցությամբ
«Իր հայտարարության մեջ Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարը հաստատեց հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունների համար բանակցությունների ձեւաչափի պահպանումը»,- նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին:

Նալբանդյանի խոսքով, եթե այդ հայտարարությունը պրոյեկտել կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ապա կարելի է վստահորեն նշել, որ հայկական կողմին ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ներկայիս ձեւաչափը, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն ամեն կերպ քննադատում է այդ ձեւաչափը:

Խոսելով արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին ԼՂՀ անմիջական մասնակցության մասին` Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմն այդ հարցը բարձրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բոլոր հանդիպումների ժամանակ: «Հայաստանը ոչ միայն բարձրացնում է այդ հարցը, այլեւ միշտ հանդես է գալիս այն հայտարարությամբ, որ բանակցությունների ժամանակ առանց ԼՂՀ ուղղակի մասնակցության անհնար է անգամ կազմել այդ խնդրի շուրջ վերջնական պայմանագրի նախագիծը, կամ ընդհանրապես հակամարտության որեւէ լուծման հանգել»,- ընդգծեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: