19 նոյեմբերի 2009 - 14:55 AMT
Երեւանում սպանվել է Խոսրովի արգելոցի տնօրենը
Նոյեմբերի 19-ին, ժ.00.55-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Արտաշատի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժ.23.50-ի սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել:

Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել է: Զննությամբ ավտոմեքենայի հետեւի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Նախկինում Ս.Շաբոյանը լրագրողնեի հետ զրույցում բազմիցս է հաղորդել, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում տեղի որսագողների մաֆիայից: