20 նոյեմբերի 2009 - 15:34 AMT
Նոյեմբերի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում տեղի կունենա նոր` «Քանոն» ֆիլմի պրեմիերան
Նոյեմբերի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում տեղի կունենա «Քանոն» ֆիլմի պրեմիերան` «Հին հայկական երաժշտական գործիքներ» շարքից:

|Շարքի հեղինակն ու պրոդյուսերը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ղեկավար Ռիտա Շառոյանն է, բեմադրիչը` Արմեն Ռոնովը: Ֆիլմում երաժշտական լարային գործիքի հնարավորությունները ներկայացնում է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանը:

«Ֆիլմը պատմում է գործիքի տարածման եւ այն մինչեւ մեր օրերը հասնելու գործում հայ ժողովրդի դերի մասին», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասաց Ռիտա Շառոյանը:

«Քանոնը» երրորդ ֆիլմն է «Հին հայկական երաժշտական գործիքներ» շարքից: Նախկինում Հայաստանի հասարակությանը ներկայացվել են «Դուդուկ» եւ «Քյամանչա» ֆիլմերը:

Քանոնը արեւելյան երաժշտական լարային գործիք է: Տարածում է գտել Արեւելքի բոլոր երկրներում: Հավանաբար սերվել է հին հունական տավիղից, եւ ցեղակից է ցիմբալային, կիթառին: Առաջին հիշատակությունները 10-րդ դարի արաբական աղբյուրներում են: Փայտե, հարթ արկղիկի նման, ուղղանկյուն սեղանիկի ձեւ ունեցող գործիք է: Գործիքի ներքին եւ կողային հատվածները պատրաստվում են ընկույզի, ծիրանի եւ ամուր փայտ ունեցող այլ ծառերից: