25 նոյեմբերի 2009 - 15:20 AMT
Նիկոլոզ Վաչեիշվիլի. Այսօր արդեն հրատապ իրականացվում են Վրաստանի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու ամրակայման աշխատանքները
Օրեր առաջ գրեթե հիմնովին քանդվել է երկար ժամանակ անուշադրության մատնված Վրաստանի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցին, հաղորդել է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի հարցին: ՀՀ Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային` խնդրելով պարզաբանել նախարարության դիրքորոշումը եւ տեղեկացնել ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու խնդրի լուծմանը:
Վրաստանի նախարարն հավաստել է, որ եկեղեցին իրոք գտնվում էր անմխիթար վիճակում եւ նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել վերականգնման աշխատանքների ուղղությամբ, նաեւ Վրաստան հրավիրելով հայ վերականգնող ճարտարապետների` աշխատանքների բոլոր փուլերին մասնակցելու համար:
Այս զրույցից հետո ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեիշվիլին հավաստել է, որ այսօր արդեն հրատապ իրականացվում են եկեղեցու ամրակայման աշխատանքները, դրանց հետեւող նախագծային աշխատանքները կիրականացնի «Արքիտեքս» վերականգնողական ճարտարապետական արվեստանոցը: Իր հերթին Արեւ Սամուելյանը հավաստեց, որ վաղը նախարարության վերականգնող ճարտարագետը կմեկնի Վրաստան մասնակցելու նախագծային աշխատանքներին: