26 նոյեմբերի 2009 - 16:10 AMT
Հայաստանը հանդես է գալիս ՄԱԿ ԱԽ-ում Ճապոնիայի մշտական անդամության օգտին
Հայաստանի ու Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կացույա Օկադայի հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարություն ընդունվեց, որում, մասնավորապես, նշվում է Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը` համագործակցության տարբեր ոլորտներում փոխշահավետ նախաձեռնությունների ի հայտ բերման եւ խթանման միջոցով: Այս նպատակով կողմերը որոշեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացնել կանոնավոր երկկողմ խորհրդակցություններ, քննարկելու համար հարցերի լայն շրջանակը, ներառյալ` երկկողմ հարաբերություններին վերաբերող ու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային այլ հարցեր:
ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված «Պաշտոնական զարգացման աջակցություն» (ՊԶԱ) ծրագրի իրականացման համար, ներառյալ` ճապոնական ՊԶԱ-ի վարկը «Երեւանի միավորված ցիկլային կոգեներացման էլեկտրոկայան», «Երեւան քաղաքում հրդեհների դեմ պայքարի տեխնիկայի կատարելագործում» եւ «Անարտոնյալ գյուղացիներին դրամաշնորհային օգնություն» ծրագրերի համար, որոնք հետեւողականորեն իրականացվում են Ճապոնիայի կողմից: Հայկական կողմը հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կշարունակվի:
Կողմերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի վերաբերյալ եւ իրենց աջակցությունը հայտնեցին հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի` ներառյալ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ճապոնական կողմը ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք արտացոլվեցին 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմամբ եւ ընդգծեց ձեռք բերված համաձայնությունների վավերացման եւ իրագործման կարեւորությունը, որը կտանի խաղաղությանը եւ կայունությանը տարածաշրջանում: Կողմերն իրենց ակնկալիքները հայտնեցին ՄԱԿ-ի կառույցներում եւ միջազգային այլ կազմակերպություններում սերտորեն համագործակցելու վերաբերյալ` Եվրոպայում եւ ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում շարունակական անվտանգությանը, տեւական խաղաղությանն ու ընդհանուր բարգավաճմանն ուղղված հավասարակշռված մոտեցման պահպանման համար: «Կողմերը համատեղ ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցին` ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման արագ իրականացմանը` ներառյալ ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամների քանակի ավելացումը: Այս առումով, Հայկական կողմը վերահաստատեց իր ամուր աջակցությունը ՄԱԿ ԱԽ-ում Ճապոնիայի մշտական անդամակցությանը: Իր հերթին, ճապոնական կողմը խորը գնահատանք հայտնեց հայկական կողմի աջակցության համար»,- ընդգծվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: