26 նոյեմբերի 2009 - 19:14 AMT
Նաիրա Զոհրաբյանը թուրքական հասարակությունից սպասում է համարձակություն` պատմական ճշմարտությունն ընդունելու
Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային Ժողով այցելեց Թուրքիայից ժամանած պատվիրակությունը, որի կազմում էին մտավորականության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են կանանց հիմնախնդիրներով: Թուրքական պատվիրակությունը Հայաստանում է գտնվում «Ուրբան» հիմնադրամի «Եվրաինտեգրացումն ու գենդերային հիմնախնդիրները» ծրագրի շրջանակներում:
Թուրք պատվիրակների խնդրանքով Հայաստանի խորհրդարանում նրանց ընդունեցին կին պատգամավորները` քննարկելու համար գենդերային խնդիրների եւ Հայաստանի քաղաքական կուրսի վերաբերյալ ՀՀ ազգային ծրագրերին առնչվող հարցեր, որոնք ուղղված են եվրաինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Բոսֆորի համալսարանի գիտաշխատող Դեմիր Ռահիմե Բուլութը հայտնեց, որ ուսումնասիրելով 1900-ականների սկզբի հայ գործիչների աշխատանքները, հանգել է եզրակացության, որ հայերը Թուրքիայում զբաղվել են ակտիվ գործունեությամբ եւ մեծ դեր են խաղացել երկրի կյանքում: Ի պատասխան, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ողջունեց այն փաստը, որ թուրք պատվիրակը զբաղվում է պատմությամբ եւ կարող է օգնել Թուրքիային` ընդունելու պատմական ճշմարտությունը:
Թուրք պատվիրակները ընդգծեցին հայ-թուրքական հասարակական կապերի ակտիվացման կարեւորությունը, որին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ երկու երկրների հասարակությունները կարող են ներազդել պետական քաղաքականության վրա: Նա նաեւ հույս հայտնեց, որ թուրք հասարակությունը համարձակություն կունենա պատմական ճշմարտությունն ընդունելու համար, այդպիսով ազդելով իրենց երկրի պաշտոնական դիրքորոշման վրա: «Դրանից միայն կշահեն երկու երկրների հարաբերությունները», - նշեց նա:
Հանդիպման ավարտին թուրք պատվիրակները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնեցին, որ նման հանդիպումները իրապես կնպաստեն հայ-թուրքական երկխոսության ակտիվացմանը: