26 նոյեմբերի 2009 - 19:38 AMT
Պավել Կոգան. Կարելի է ասել, որ ՄՊԱՍՆ-ին Հայաստան է բերել մեծն Արամ Խաչատրյանը
«Անհավանական է, բայց իր գոյության 67 տարվա ընթացքում Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (ՄՊԱՍՆ) առաջին անգամ ելույթ ունեցավ Երեւանում երեկ` նոյեմբերի 25-ին: Նվագախմբի երկրորդ համերգը կկայանա վաղը` նոյեմբերի 27-ին»,- պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` հայտնեց ՄՊԱՍՆ գեղարվեստական ղեկավար Պավել Կոգանը: Նրա խոսքով, նվագախմբի առաջին համերգին հայ հանդիսատեսը ջերմություն ցուցաբերեց եւ զարմացրեց իր երիտասարդությամբ:

«Կարելի է ասել, որ ՄՊԱՍՆ-ին Հայաստան է բերել մեծն Արամ Խաչատրյանը, որի տաղանդի առջեւ մենք գլուխ ենք խոնարհում եւ, կարծում եմ, բոլոր պրոֆեսիոնալ երաժիշտներն են ուրախությամբ օգտվում մեծ երգահանի հիշատակը հավերժացնելու հնարավորությունից»,- պարզաբանել է Պավել Կոգանը: