27 նոյեմբերի 2009 - 17:22 AMT
ԱՄՆ կառավարությունը 70 հազար դոլար է հատկացրել ՀՀ ոստիկանությանն` ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համար
«Անկախացման առաջին իսկ օրերից մենք համագործակցում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ: Ընդհանրապես, ԱՄՆ-ն առաջին երկիրն է, որի հետ մենք սկսեցինք աշխատել»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ապօրինի միգրացիայի եւ միջազգային համագործակցության դեմ պայքարի բաժանմունքներին երկու ավտոմեքենայի եւ 70 000 դոլարի համակարգչային տեխնիկայի հանձնաման արարղության ժամանակ:

Նշված գումարը ԱՄՆ կառավարությունը տրամադրել է այդ բաժինների աշխատանքին աջակցելու նպատակով:

Մեքենաների բանալիները Հ.Հունանյանին հանձնեց ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը, որը նշեց. «Այդ նվիրատվությունը վստահության եւս մեկ նշան է ՀՀ ոստիկանության հանդեպ: Ես ցանկանում են նշել, որ մենք պայքարում ենք ոչ միայն ապօրինի միգրացիայի, այլ նաեւ թրաֆիկինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ ահաբեկչության դեմ:

Նոյեմբերի 27-ի նվիրատվությունը ԱՄՆ կողմից ոստիկանությանը ցուցադրվող աջակցության ծրագրի մի մասն է: Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն միջոցներ էր հատկացրել ոստիկանության Քանաքեռի ուսումնական կենտրոնի վերանորոգման համար, ինչպես նաեւ ավտոմեքենա եւ համակարգչային տեխնիկա է նվիրել թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնին: