30 նոյեմբերի 2009 - 14:22 AMT
ԵՊՀ-ում բացվել է Բեռլինի պատի անկման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսը
Երեւանի պետական համալսարանում բացվել է Բեռլինի պատի անկման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը, որի կազմակերպիչն է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտը, ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, դիվանագետներ, դասախոսներ եւ ուսանողներ:

Միջոցառման այցելուների ուշադրությանն են ներկայացվել շուրջ 20 պաստառ-կոլաժներ, որոնք պատմում են Բեռլինի պատի անկման մասին:

«Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության բնակիչները բավարար կամք ու ցանկություն ունեին խաղաղ հեղաշրջում կատարելու համար: Մենք երախտապարտ ենք նրանց, քանի որ հենց ԳԴՀ բնակիչների խաղաղ հանրահավաքների միջոցով հնարավոր եղավ հասնել Գերմանիայի վերամիավորմանը»,-ասել է Հանս Յոհան Շմիդտը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Բեռլինի պատի անկումը 20 տարի առաջ իրականություն դարձրեց միասնական Եվրոպայի մասին երազանքը: «Շատ տարիներ անց Եվրոպան խաղաղ, կայուն ու զարգացող տեսնելու եվրոպացիների ցանկությունն իրականություն դարձավ: Բեռլինի պատի անկումն այդ ճանապարհի սկիզբն էր»,-ասել է Ղազինյանը: