3 դեկտեմբերի 2009 - 15:59 AMT
ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման համար կստեղծվի հայ-ռուսական համատեղ ընկերություն
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 3-ին հավանության արժանացրեց հայ-ռուսական համատեղ ընկերություն ստեղծելու որոշումը, որը զբաղվելու է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցմամբ:

Նոր ՓԲԸ-ն ստեղծվելու է Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության համատեղ մասնակցությամբ` 50% - 50% հարաբերությամբ մասնաբաժիններով:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերի համաձայն, նոր ընկերության կանոնակարգված կապիտալը կազմելու է 60 մլն դրամ: «Հայկական կողմի կանոնակարգված կապիտալի մասնաբաժինը 30 մլն դրամի չափով պետք է ապահովվի Հայաստանի էներգետիկ ոլորտից ընկերության ստացվող եկամուտներով», - ասել է նա: Հայկական կողմի բաժնետոմսերը այդ նոր ստեղծվող ընկերությունում տնօրինելու է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ նոր էներգաբլոկի հզորությունը կազմելու է 1060 ՄՎտ` 60 տարի օգտագործման ժամկետով, իսկ անվտանգության մակարդակը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին: