10 դեկտեմբերի 2009 - 15:33 AMT
Պաշտոնական Ռիգան ողջունում է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը
Պաշտոնական Ռիգան ողջունում է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Այդ մասին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:

«Հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը կբարելավի այդ պետությունների ժողովրդների բարեկեցությունը: Հարաբերությունների կարգավորման համար հարկավոր է բարի կամք, ինչը թույլ կտա առաջընթացի հասնել»,-ասել է Լատվիայի նախագահը, որն Երեւանում է գտնվում եռօրյա պետական այցով:

Վալդիս Զատլերսը դրական եւ քայլ առաջ է համարել Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: «Դա դրական քայլ է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ առումով»,-ասել է Լատվիայի նախագահը:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Շվեյցարիայի արտգործնախարար Միշել Քալմի-Ռեյի ներկայությամբ: Շվեյցարիան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների մոդերատորն է:

Ստորագրմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ արտաքաին քաղաքականության ու անվտանգության գծով ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Սլովենիա ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Սամյուել Ժբոգարը: