14 դեկտեմբերի 2009 - 17:17 AMT
ՀՀ կառավարությունը մտադիր չէ ԼՂՀ վերաբնակեցման ծրագրի համար միջոցներ տրամադրել
«Անցյալ տարի ՀՀ իշխանությունները հավանության էին արժանացրել 2009 պետբյուջեի նախագծի վերաբերյալ մեր առաջարկները, սակայն պարզվեց, որ մեր առաջարկությունների 90%-ը տարվա ընթացքում դադարեցվել են»: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերի համաձայն, այս տարի ՀՅԴ-ն պատրաստ էր հրաժարվել 2010 թ. պետբյուջեի նախագծին վերաբերող իր բոլոր առաջարկություններից ի շահ մեկ այլ նախագծի` Ղարաբաղի վերաբնակեցման նախագծի իրագործմանն ուղղված գումարի տրամադրմանը, որն իշխանությունները մերժել են:

«Կառավարությունը որոշել է դպրոցների համար միջոցներ տրամադրելէ առանց նշելու իր որոշման պատճառները, բայց մերժել է ընդունել այնպիսի կարեւոր նախագիծ, ինչպիսին Ղարաբաղի վերաբնակեցման ծրագիրն է», - ասել է Արծվիկ Մինասյանն ավելացնելով, որ այդ նախագիծը հաստատելով Հայաստանը կաջակցի Ղարաբաղին:

Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանն իր հերթին ընդգծեց, որ դպրոցներին ցուցաբերվող օգնության մասին որոշումը վաղուց գտնվում է կառավարության ծրագրերում: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղին հատկացված օգնությունը սկզբնական նախատեսվածից 2 միլիարդ դրամով ավելացրել է:

«Մենք չպետք է Ղարաբաղին հրահանգել, թե ինչպես տնօրինեն գումարները, դա կնշանակի, որ մենք չենք վստահում նրանց: ԼՂՀ-ն ավելի լավ գիտի, թե ինչպես վարվի տրամադրված գումարների հետ եւ թե որ հարցն է նրանց համար առաջնահերթ», - ասել է Գագիկ Մինասյանը: