15 դեկտեմբերի 2009 - 16:37 AMT
Ղարաբաղյան հակամարտության լուծումը ԵԱՀԿ շրջանակներում Ղազախստանի առաջնահերթություններից մեկն է
Տարածաշրջանում սառեցված հակամարտությունների խնդիրը, առանձնապես ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ շրջանակներում ամենագլխավոր հարցերից մեկն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւը: «Ղազախստանը ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում պարտադիր զբաղվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, եւ մենք մտադիր ենք ստեղծել բոլոր պայմանները ԵԱՀԿ Մինսկի խմբի արգասաբեր գործունեության համար: Դա մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է»,- նշեց Ալիմբաեւը:
Նա հաղորդեց նաեւ, որ Ղազախստանը որպես ԵԱՀԿ նախագահ իր առաջնահերթությունները կներկայացնի հունվարի սկզբին: «Մեզ համար նախագահությունը ԵԱՀԿ-ում շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դա առաջին դեպքն է, երբ կազմակերպության նախագահ է դառնում ԱՊՀ անդամ երկիր»,- ասաց Նուրբոլատ Ալիմբաեւը` ավելացնելով, որ Ղազախստանն իր նախագահության ընթացքում մտադիր է ներկայացնել հանդուրժողականության իր մոդելը: