15 դեկտեմբերի 2009 - 18:53 AMT
Քրդամետ կուսակցության պատգամավորները խորհրդարանում հրաժարվում են մանդատներից
«Դեմոկրատական հասարակություն» քրդամետ կուսակցության (DTP) պատգամավորները որոշել են Թուրքիայի Մեծ ազգային ժողովում հրաժարվել իրենց մանդատներից: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ որոշումը կուսակցության անդամներն ընդունեցին Դիարբեքիր քաղաքում կայացած ժողովի ժամանակ: DTP առաջնորդ Ահմետ Թուրքն ասաց, որ նման միջոցով կուսակցությունն իր բողոքն է արտահայտում DTP գործունեությունն արգելելու մասին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշման դեմ:

«Մենք ասում էինք, որ մեր ներկայությունը խորհրդարանում անիմաստ է, եթե ժողովրդավարության համար մեր պայքարը հաշվի չի առնվելու: Մենք ամենակարճ ժամկետներում մեր հրաժարականը կներկայացնենք խորհրդարանի խոսնակին»,- ասաց DTP առաջնորդը:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը DTP գործունեությունն արգելելու մասին որոշում է ընդունել: Նման վճռի համար պատճառ դարձավ 2007թ. նոյեմբերին Թուրքիայի Գլխավոր դատախազության դիմումը ՍԴ-ին, որում կուսակցությունը մեղադրվեց PKK հետ կապերի համար: Վերջինս քրդերի ինքնավարության համար է պայքարում երկրի հարավ-արեւելքում: DTP-ն թուրքական խորհրդարանում 21 պատգամավորից բաղկացած խմբակցություն ունի: