19 հունիսի 2003 - 22:57 AMT
ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԹԵՐՐԻ ԴԵՎԻՍԸ ԱՅԼԵՎՍ ՉԶԲԱՂՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐՈՎ
Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այդ առնչությամբ, նա չի բացառել, որ կարող է հետաձգվել զեկուցողի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան օգոստոսի սկզբին նախատեսվող հերթական այցը: Նշենք, որ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում Թ.Դեւիսը ինքնաբերաբար կորցնում է զեկուցողի իրավասությունները: Ի տարբերություն սույն թվականի ապրիլին տարածաշրջան կատարած առաջին այցի, երկրորդ այցի ընթացքում զեկուցողը մտադիր է այցելել ոչ միայն Ադրբեջան եւ Հայաստան, այլ նաեւ` Լեռնային Ղարաբաղ: