16 դեկտեմբերի 2009 - 16:16 AMT
Ստեփան Գրիգորյան. Ծայրահեղ դեպքում Հայաստանը կարող է ակտիվացնել Թուրքիայի դերը ԵԱՀԿ ՄԽ-ում կամ շրջանակային համաձայնագիր կնքել Բաքվի հետ
Դեկտեմբերի 11-ին Թբիլիսիի Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է «Անվտանգության երկրորդ համաժողովը Հարավային Կովկասում»: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, համաժողովին մասնակցել են փորձագետ վերլուծաբաններ 20 երկրներից, այդ թվում Թուրքիայից ու Ադրբեջանից: Համաժողովին մասնակցել են նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Ղարաբաղի խնդրով ԱՄՆ-ից հատուկ բանախոս Ջոզեֆ Փրեսելը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրտը:
«Յամաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը»,-ասել է Ստեփան Գրիգորյանը:
Ընդ որում, նա ասել է, որ համաժողովում հանդես են եկել նաեւ թուրք փորձագետներ, որոնք իրենց ելույթում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, կապում էին դա ղարաբաղյան հակամարտության հետ:
«Բոլորը հասկանում են, որ Հայաստանը չի կարող լուրջ զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, հայտարարել է հայ փորձագետը, սակայն եթե խոսում ենք դրա մասին, ապա Հայաստանը կարող է ակտիվացնել Թուրքիայի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում կամ շրջանակային համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ասել է Ս.Գրիգորյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ հարկավոր է ակտիվացնել նաեւ ղարաբաղյան իշխանությունների դերը հակամարտության կարգավորման հարցում: