16 դեկտեմբերի 2009 - 18:35 AMT
ՀՀ նախագահ. «Հայերի ցեղասպանությունը չի կարող դառնալ հայ-թուրքական ենթահանձնաժողովի քննարկման առարկա»
Միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը նախատեսված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով, Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներին հնարավորություն կտա փոխվստահության եւ երկխոսության հասնելու ընդհանուր ուղիներ գտնել: Այս մասին ասվում է ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցությանն (IAGS) ուղղված Սերժ Սարգսյանի պատասխան նամակում:

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին IAGS- ի նախագահ Ուիլյամ Շաբասը բաց նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, որում մասնավորապես ասվում էր. « Հայերի ցեղասպանության ընդունումը «անշահախնդիր հանձնաժողովի» աշխատանքի համար պետք է լինի ելակետային դիրքորոշում, այլ ոչ աշխատանքի ավարտի հնարավորություն»:

Պատասխան նամակով Հայաստանի նախագահը անգնահատելի է համարել IAGS- ի ներդրումը Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: «Այսօր Հայաստանը ընտրել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման ուղին: Սակայն հարեւան երկրների հետ հարաբերությունները երբեք չեն կարող կասկածի ենթարկել Հայերի ցեղասպանության եւ հայրենազրկման հարցը: Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության փաստը պետք է ընդունվի եւ դատապարտվի մարդկության կողմից», - գրում է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը IAGS նախագահին վստահեցնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ ենթահանձնաժողովի ստեղծումը պատմաբանների հանձնաժողով չէ: «Ցեղասպանության փաստը քննարկման առարկա չի կարող դառնալ այս հանձնաժողովում: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ հանձնաժողովի աշխատանքի նպատակը պետք է լինի Հայերի ցեղասպանության հետեւանքների վերացումը», - ասվում է ՀՀ նախագահի նամակում: