19 դեկտեմբերի 2009 - 13:39 AMT
Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան համագործակցելու են ՀՀՊ ոլորտո՞ւմ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին հարցազրույց տվեց «Աքշամ» թերթին, որում հայտնեց ՀՀՊ ոլորտում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համագործակցության հնարավորության մասին: Դիվանագետի խոսքով, երեք երկրների մասնակցությամբ նման համակարգը կարող է հաստատվել Թուրքիայում:

Իվանովսկին նշել է նաեւ Մոսկվայի, Վաշինգտոնի ու Անկարայի համատեղ քաղաքականության կարեւորությունը մի շարք տարածաշրջանային հարցերի առնչությամբ: Մասնավորապես, երեք պետությունները կարող են փոխգործակցել Աֆղանստանի, Պակիստանի ու Իրանի հարցում:

«Թուրքիան տարածաշրջանային ուժի է վերածվում: Ուստի այնպիսի տարածաշրջանային հարցերում, ինչպիսին Մերձավոր Արեւելքի ու Հարավային Կովկասի հիմնախնդիրներն են, ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը պետք է հաշվի առնեն Թուրքիայի դիրքորոշումը»,- ասել է ռուս դիվանագետը:

Նրա խոսքով, ներկայումս ԱՄՆ, ՆԱՏՕ եւ Ռուսաստանի միջեւ ինտենսիվ քննարկումներ են ընթանում հակահրթիռային վահանի վերաբերյալ: «Առայժմ արդյունք չկա: Սակայն համատեղ համակարգի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում Ռուսաստանը պատրաստ է տրամադրել իր ռադարները: Մենք դեմ չենք այդ համակարգին Թուրքիայի միացմանը: Մենք ռադարային համակարգ ունենք Ադրբեջանում: Եթե Թուրքիան ներգրավվի ՀՀՊ նոր համակարգի մեջ, ապա կարող ենք ռադարային կայանն Ադրբեջանից Թուրքիա տեղափոխել: Կարեւորն այն է, թե ինչպիսի սպառնալիքների ու մարտահրավերների դեմ է ստեղծվում այդ համակարգը: Ո՞ւմ դեմ է ուղղված: Արդյո՞ք Իրանը կարող է հարձակվել Եվրոպայի վրա: Ես դրան չեմ հավատում»,- շարունակել է Թուրքիայում ՌԴ դեսպանը:

Խոսելով Ադրբեջանում գտնվող ռադարային կայանի մասին` Թուրքիայում ՌԴ դեսպանը, ըստ երեւույթին, նկատի ուներ Գաբալինյան ՌԼԿ-ն: Սակայն այդ օբյեկտն Ադրբեջանի սեփականությունն է եւ վարձով է տրվել Ռուսաստանին, իսկ այդ վարձակալության ժամկետը լրանում է 2012-ին: Գաբալինյան ՌԼԿ հետագա ճակատագրի հետ կապված ցանկացած որոշում պետք է համաձայնեցվի Բաքվի հետ, գրում է թերթը: